ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ամեն մի անասուն մտել է մեր տարածքը, պղծել ու դուրս եկել»

«Ամեն մի անասուն մտել է մեր տարածքը, պղծել ու դուրս եկել»
28.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրը Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էր, ով ասուլիսի թեմաները տարանջատեց չորս մասի` ՀՌԱԿ գործունեության տարեկան ամփոփում, Իրաքի ու Երուսաղեմի վերջին դեպքերի գնահատականներ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։
Անդրադառնալով առաջին թեմային` ակումբի հյուրը նշեց. «ՀՌԱԿ-ի արտախորհրդարանական գործունեության և փորձի արդյունքում 2008-ին չորս կուսակցություն հավաքվեց ՀՌԱԿ-ի դրոշի ներքո։ Գալիք տարվա փետրվարին էլ միավորված կուսակցությունների հետ տեղի կունենա համագումար, որտեղ կլինի ղեկավար մարմնի ընտրություն, ծրագրի, կանոնադրության փոփոխություն և այլն»։ Անցնելով հաջորդ հարցին` Առաքելյանը նախ ընդգծեց, որ ՀՌԱԿ-ը միակ հայկական ավանդական կուսակցություն է, որ պաշտոնապես գրանցում է ստացել Իրաքում, ապա հավելեց, որ առաջիկայում, հավանաբար, հայ համայնքն իր ներկայացուցիչը կունենա իրաքյան խորհրդարանում։ Իրաքից ՀՌԱԿ ատենապետը նամակ է ստացել, որում հայ համայնքի անդամները վստահեցնում են, թե երկու ամիս առաջ պայթյունի հետևանքով զոհված հայ քաղաքացիների մահը չպետք է Հայաստանում դիտարկվի որպես հայության դեմ կազմակերպված գործողություն։ «Խնդրանքն այն էր, որ այս դեպքերը լուսաբանելիս հայկական մամուլը սենսացիաներ չփնտրի, քանի որ այդ երկրում հայության հանդեպ որևէ հակակրանք գոյություն չունի»։
Երուսաղեմում հայ և հույն հոգևորականների միջև տեղի ունեցածն էլ Առաքելյանն այսպես մեկնաբանեց. «Շատ հզոր քրիստոնյա պետություններ ուղղակի չեն կարող հանդուրժել, որ փոքր հայ ազգը Երուսաղեմում ունի այդքան մեծ իրավունքներ, ինչպիսիք հզորները չունեն»։ Եվ, որպես այսօրինակ դեպքերից խուսափելու լավագույն ելք, բանախոսն առաջարկում է, որ նորակազմ սփյուռքի նախարարությունն իրականացնի գույքագրման գործառույթ` աշխարհասփյուռ հայկական ունեցվածքի հաշվառմամբ։ Այսուամենայնիվ, բանախոսը կարծում է. «Մեր սխալը, դարեդար, գուցե այն է եղել, որ եկեղեցիների շուրջը պարիսպներ չենք կառուցել։ Եվ ամեն մի անասուն մտել է մեր տարածքը, պղծել ու դուրս եկել։ Մեր հոգևորականներն էլ եղել են անպաշտպան։ Հայաստանը հենց այսօր պետք է բանակցի Իսրայելի կառավարության հետ` ապացուցելով, որ մենք անտարբեր չենք ու տեր ենք մեր ունեցվածքին»։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ևս անհանգստացնում է ռամկավարներին, և նրանք որոշել են հնարավորինս օգտակար լինել հայ գործարարներին` ապահովելով տեղեկատվական աջակցություն։ «Բոլոր նրանց մասին, ովքեր կարծում են, թե իրենց գործունեությունը կհետաքրքրի սփյուռքին, շուրջ քսան հազար հասցեներով կարող ենք անվճար տեղեկատվություն տարածել ողջ աշխարհով»։
Վերջերս լրագրողական ակումբներում ամենից հաճախ հնչող հարցը ևս չշրջանցվեց` ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում, որին ներկա է եղել նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։ «Դեռ հինգ տարի առաջ ՀՌԱԿ-ը սկսեց հայտարարություններով հանդես գալ առ այն, որ Մինսկի խմբի յուրաքանչյուր կողմ հետապնդում է իր շահերը, ուստի այստեղ մենք ապագա չենք տեսնում, փոխարենն առաջարկում ենք ԼՂՀ-ի հարցի լուծումը տեղափոխել Հաագայի դատարան։ Շատ փաստարկներ ունենք դատը շահելու համար։ Իսկ այս հանդիպումն իր ձևի մեջ ողջունելի էր, քանի որ երկխոսության ընթացքում է միայն հնարավոր իմանալ` ով` ինչ ասելիք, ծրագիր ունի։ Չնայած այդ հանդիպմանը հայտնաբերեցի շատ կուսակցությունների` իրենց անուշիկ, սրտաճմլիկ անուններով։ Տարածքներ հանձնելու բացահայտ խոսակցություն չի եղել, թե` տարածքները տալիս ենք, կուսակցություններ, կնիք դրեք»։
Ներքաղաքական զարգացումների առնչությամբ Առաքելյանն իր գնահատականները նույնպես ներկայացրեց։ «Չնայած մամուլում փորձեցին ներկայացնել, որ ՀՌԱԿ-ի շուրջ այլ ուժերի միավորումն իշխանական պրոյեկտ է, բայց գոնե ես իմ խղճի առջև մաքուր եմ և ամաչելու առիթ չունեմ»։ Իսկ նորացված ՀՌԱԿ-ը հնարավո՞ր է, որ «երրորդ ուժ» դառնա։ «ՀՌԱԿ-ը պայքարում է առաջինը դառնալու համար։ Երկրորդը, երրորդը, չորրորդը, խնդրեմ` ով ուզում է, թող լինի։ Դիմացը մի քանի տարի կա, և ճիշտ աշխատելու դեպքում մենք առաջինը լինելու հնարավորություն ունենք։ «Երրորդ ուժը» ասելով չի լինում, ու արդեն դա էլ է հոգնեցուցիչ դառնում։ Քաղաքական դաշտի խառնիճաղանջության մեջ մի հատ էլ այդպիսի բան հայտարարես ու խառնե՞ս։ Իրոք, մեր ժողովուրդը մեղք է»։
Լրագրողներն Առաքելյանից հետաքրքրվեցին նաև քաղբանտարկյալների ազատ արձակման մասին, ինչի առնչությամբ վերջինս ուշագրավ տեսակետ արտահայտեց. «Քաղաքական գործունեության համար մարդկանց դատապարտել են, անկախ նրանից, նրանք կռվի մասնակցել են, թե ոչ, ինչն արդարացի չէ։ Ամեն դեպքում, այդ մարդիկ իշխանությունը զավթելու, պրեզիդենտ դառնալու նկրտումներ չեն ունեցել։ Եթե ձերբակալում են, թող սկսեն Լևոն Տեր-Պետրոսյանից, նրա կողքին կանգնած կուսակցությունների լիդերներից։ Այդ մարդիկ ազատության մեջ են, իսկ նրանք, ովքեր փորձել են աջակցել նրանց կամ ընկել են նրանց քարոզչության ազդեցության տակ, դատապարտված են։ Ոչ մեկն այդ մարդկանցից չէր ուզում պրեզիդենտ, վարչապետ, փոխվարչապետ դառնալ։ Համենայն դեպս, նրանց ելույթների մեջ նման բան չկար։ Եթե ձերբակալելու էին, թող բոլորին էլ ձերբակալեին, այլ ոչ թե մարդկանց, ովքեր այդ քարոզչությանն են մասնակցել, հույս ունենալով, որ երկրում ինչ-որ բան կփոխվի»։ «Այսինքն, առաջարկում եք Լևոն Տեր-Պետրոսյանին ձերբակալե՞լ»,- եզրահանգեցին լրագրողները։ «Ես կողմ եմ, որ մի բան հարյուր տոկոսով կատարվի, կիսատ-պռատ չանեն։ Եթե մեր իշխանությունն այս գործելաոճն է որդեգրել, լավ կանի, որ սկսի Լևոն Տեր-Պետրոսյանից, Ստեփան Դեմիրճյանից, Արամ Զ. Սարգսյանից։ Այլապես քաղաքական հայացքների համար ձերբակալվել են ոչ քաղաքական մարդիկ։ 88-ից քաղաքական միտքը, կարծես, առաջ չի գնում. միտինգներ, փողոցային երթեր` «դու գնա, ես գամ քո տեղը» տրամաբանությամբ։ Ռամկավարները բազմիցս ասել են` այսօրվա պայքարը պետք է լինի ծրագրերով, գաղափարախոսությամբ, թուղթ ու գրիչով։ Մենք էլ ենք ընդդիմություն, 2003-ից սկսած կառավարության հրաժարականն ենք պահանջել, «այո-ոչ»-ի գործընթացին չենք մասնակցել, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ զերծ ենք մնացել որևէ թեկնածուի պաշտպանելուց։ Հանրային խորհուրդ ստեղծվեց. փեշերս չենք քշտել, վազել։ Այսինքն, եթե որևէ գործողություն են սկսում, ճիշտ կլինի մինչև վերջ տանեն։ Մեղք էին այն տասը անմեղ զոհերը։ ՈՒ այսօր էլ, եթե մարդիկ որոշել էին ազատ երկրում հացադուլ անել, թող անեին։ Ի՞նչ է նշանակում` ծեծելով ցրել։ Հիմա, ի՞նչ է, ծեծելով պետք է հա՞ց ուտեցնել։ Մարդը չի ուզում ուտել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4648

Մեկնաբանություններ